Ժամավաճառություն, որը շուտով մարելու է. հոգևորականը բացարձակապես չի հասկացել և չի հասկանում մեր մտահոգության պատճառը

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ պարոն Համբիկ Սարաֆյանն օրերս  Հայաստանում էր և  Հ1-ի  հետ հարցազրույցում անդրադարձել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, դրանում եկեղեցու ստանձնած դերակատարության մտահոգիչ լինելուն։  Նախքան այդ էլ՝ մայիսի 10-ին, հիշեցնենք, կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում մասնավորապես նշված էր՝ չափազանց ցավալի և անընդունելի է Մայր Աթոռի՝ քաղաքական պայքարի մեջ ներքաշվելն ու բացահայտորեն այս շարժման հովանավորությունն ու առաջնորդությունը ստանձնելը։  «Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին անվերապահորեն սատարած կուսակցություն՝ մենք ցավով ենք արձանագրում այն փաստը, որ համայն հայության հոգևոր և ազգային արժեքների հիմնասյունը հայրենիքի համար ճակատագրական այս հանգրվանին, փոխանակ հանդիսանալու համայն հայությանը համախմբող և զորաշարժի ենթարկող ուժ, դարձել է իշխանափոխության հերթական փորձի մեղսակից...»,-նշված էր կուսակցության Կենտոնական վարչության անունից տարածված  հայտարարության մեջ։    

 Ինչպես երևում է՝ Մայր Աթոռն ու դրա որոշ սպասավորներ չեն «մարսել» հայ ավանդական կուսակցության նման դիրքորոշումը, այն դեպքում, երբ մյուս ավանդական կուսակցությունը՝ ՀՅԴ-ն, եկեղեցու հետ ձեռք ձեռքի տված  ակտիվորեն ներգրավված է իշխանափոխության գործընթացում։  ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետի հարցազրույցը, ահա,  ստիպել է Մայր Աթոռին արձագանքել «պատասխան հոդվածներով»։ Այդ գործն իր վրա է վերցրել ոչ թե Մայր Աթոռի տեղեկատվականմարմինը, այլ՝ Տեր Արարատ քհն. Պողոսյանը։  


Վերջինս Սարաֆյանին մեղադրել է  «իշխանահաճո դատողություններ» անելու,  «հայ ժողովրդին հատվածական մասերի բաժանած  ՀՀ  քաղաքական իշխանությունը» «ներբողելու» մեջ, այն դեպքում, երբ  ՀՀ  պետականությունը  «անտերության է դատապարտվել»  «արտաքին դիվանագիտության ձախողման հետևանքով»։  Քահանան, մոռանալով իր դիրքի ու առաքելության մասին, չի զլացել նաև երեսով տալ  ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետին  կուսակցության անցած ճանապարհը,  «նվիրյալ հնչակյանների»՝ ազգային-ազատագրական շարժման գաղափարներով տոգորված լինելը՝ փաստորեն, կասկած հայտնելով Սարաֆյանի՝ «նվիրյալ հնչակյան»  լինելու հարցում։  «Այսօր, ցավոք, կուսակցության շարքերում հայտնվել են նաև այնպիսի մարդիկ, որոնք մերձավոր աղերս իսկ չունեն նրա ազգային գաղափարախոսության հետ։ Ավելին, տպավորություն է ստեղծվում, որ նույնիսկ անտեղյակ են կուսակցության պատմությանը կամ բնավ նվիրված չեն նրա հռչակած ազգային նպատակների իրագործմանը»,- մասնավորապես նշել է քահանան իր թունոտ արձագանքում։


Եկեղեցու սպասավորի սույն «կշտամբախոսության» և այլ հարցերի շուրջ  Civic.am-ը զրուցել է Համբիկ Սարաֆյանի հետ։  


- Պարոն Սարաֆյան, ինչպե՞ս կարձագանքեք եկեղեցու սպասավորի վերոնշյալ հայտարարություններին, որոնցով, փաստորեն, կասկածի տակ է դրել  Ձեր՝ հայրենասեր, «նվիրյալ հնչակյան» լինելը։


-Ես ծանոթ չեմ, չգիտեմ, թե ով է այդ անձնավորությունը, բայց զարմանալի է, որ քահանայի գրառման մեջ կան անձնական բնույթի ցեխարձակումներ և պիտակավորումներ, վարքագիծ, որը, կարծեք, այլևս դարձել է իրենց ոճը։ Լատիներեն արտահայտություն կա՝ «argumentum  ad hominem»։  Այսինքն՝ փոխանակ պատգամի բովանդակության մեջ խորանալու, որոշել են պատգամաբերին քարկոծել, բայց մենք արդեն հասկացել ենք, որ դա իրենց ոճն է։ Ամենացավալին այդ անձնավորության տեքստում այն է, որ նա բացարձակապես չի հասկացել և չի հասկանում, թե մեր մտահոգությունն ինչից է բխում, և մեր դիրքը, մեր այս կեցվածքն էլ ինչի հիման վրա է։ Նրանք (իշխանության ընդդիմախոսները-խմբ.) բոլորին իրենց մտքում բաժանել են հայրենասերների և ոչ հայրենասերների և ըստ այդ տրամաբանության էլ դատում և գնահատում են՝ եթե ինչ-որ մեկը չի տեղավորվում հայրենասիրության, ազգասիրության իրենց չափանիշների մեջ և  ռազմատենչ կենացների մակարդակի հայտարարություններ չի անում,  կողմ է արտահայտվում  խաղաղության գործընթացին, նրան միանգամից կոչում են իշխանահաճո գաղափարներ կրող կամ իշխանություն ներբողող։ Ակամա հիշեցի  Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի բանաձևումը՝ մասը զիջելու, մյուս մասը պահել կարողանալու մասին, և ոչինչ չզիջելու և ամեն ինչ կորցնելու մասին։ Մասը պահողները, փրկողները, ինչպես հայտնի է, հռչակվում են դավաճաններ, ամեն ինչ կորցնողները՝ հայրենասերներ։ Եվ ուրեմն, տողերի հեղինակ հոգևորականին պետք է բացատրել, թե ՍԴՀԿ-ն իր հայտարարությունն ինչի համար էր արել. այն պատճառով, որ մենք չափազանց մտահոգված էինք սփյուռքի միասնականությանը սպառնացող  վտանգով՝ Էջմիածնական թեմի հետ կապված։ Նշել էինք, սփյուռքի որոշ գաղթօջախների Էջմիածնական թեմի առաջնորդները ակնհայտորեն ուղղորդված զորակցական  հայտարարություններ են անում շարժման վերաբերյալ՝ այսպիսով ներհայաստանյան անախորժ վիճակը անհարկի տեղափոխելով նաև սփյուռք։ Սա մենք դիտարկել էինք որպես սպառնալիք՝ ուղղված  ոչ միայն Մայր Աթոռի հեղինակությանը, այլև սփյուռքի ներքին համերաշխությանն ու անդորրին՝ իր հետագա բացասական հետևանքներով։  Այս պատգամին, փաստորեն, անհաղորդ է եղել քահանան։ Նա  մի ամպագոռգոռ հայտարարություն էլ է արել, թե՝ յուրաքանչյուր հայի սրտում Էջմիածինն է («Հայ ժողովրդի մաշկը քերես, տակից Էջմիածին կերևա»-խմբ.)։ Այո, այդպես էլ կա, բայց նա երևի ոչ մի անգամ սփյուռք չի գնացել, չի հաղորդակցվել տեղի դրությանը, տեղյակ չէ, որ կան Էջմիածնական եկեղեցիներ, իսկ որոշ համայնքներում՝ Անթիլիասական եկեղեցիներ, և այնտեղ երկու համայնքների միջև հստակ տարբաժանում կա։ Այսինքն՝ այնպես չէ, որ Էջմիածնական թեմի հավատացյալները չեն հաճախում Անթիլիասական եկեղեցի և՝ հակառակը։  Այս տարանջատումն առկա է, բայց մեզ համար առավել մտահոգիչ է, որ Էջմիածնական թեմի մեջ՝ այդ թեմի անդամների միջև, այժմ անախորժ իրավիճակ է ստեղծվել, քանի որ  քաղաքական մի շերտ է սողոսկել, որի կարիքը ընդհանրապես չկար, հատկապես՝ սփյուռքում։


- Փաստորեն,  Մայր Աթոռի մասնակցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացներին իր անդրադարձն է ունեցել նաև սփյուռքի հավատացյալ հոտի վրա՝ պառակտելով այն։


- Անխուսափելիորեն։ Պառակտված չէ, բայց իրենց կեցվածքով պառակտում են, կան տարբեր եկեղեցիներ գնացողներ, բայց  եկեղեցի գնացող հավատացյալը կիրակի օրը  այնտեղ քաղաքական հարցեր չի քննարկում։ Այս իմաստով արտասովոր իրավիճակ է ստեղծվել, և քաղաքականացումը իրոք անթույլատրելի է։ Ուրիշ հարց, որ արտաքին վտանգ կա, և դու արտաքին վտանգի վերաբերյալ կեցվածք ես որդեգրում ու համախմբում ես ժողովրդին։ Դա լիովին ընդունելի է, հասկանալի է։ Ես օրինակ բերեցի՝ երբ ժամանակին  Գևորգ 5-րդ կաթողիկոսը և մյուս հոգևորականները  մահապարտների խումբ կազմեցին և գնացին Սարդարապատ, դա բոլորովին ուրիշ բան էր։ Բայց երբեք չի եղել մի իրավիճակ, որ ներքին քաղաքական գործընթացների մեջ եկեղեցին մխրճված լինի և դեռ մի հատ էլ իշխանության դեմ պայքարի առաջնորդ դառնա իր ներկայացուցիչներով։ Եվ սփյուռքում սա, գոնե մեր կողմից, այո՛,  շատ վատ է ընդունվում, և մենք հայտնել ենք մեր մտահոգությունը։  Երբ տարբեր թեմերի առաջնորդներին ստիպեցին  զորակցական նամակներ ուղարկել Բագրատ արքեպիսկոպոսին, սա մի՞թե թույլատրելի է, այն դեպքում, երբ հոտի մի մեծ մասը համաձայն չէ  (ՀՀ-ում տեղի ունեցողին-խմբ.)։ Եկեղեցին հոգևոր կառույց է, հո կուսակցություն չի՞։ Եվ հերիք չի սա, դեռ գտնվեցին նաև հոգևորականներ, ովքեր ցույցեր ու հավաքներ էին հրահրում տարբեր երկրներում՝ կոչ անելով դուրս գալ  ՀՀ այսօրվա կառավարության կամ վարչապետի դեմ՝ որդեգրելով ակնհայտ հակաիշխանական կեցվածք։  Սա անթույլատրելի է, ի՞նչ գործ ունի հոգևոր առաջնորդը, որը ընտրված է այնտեղի  համայնքի կողմից, կապ չունի Էջմիածնի հետ, այսինքն՝ ենթակայություն ունի Ամենայն Հայոց կաթողիկոսին, սակայն նրա ընտրությունը կատարվում է համայնքի ներկայացուցիչների կողմից,  խառնվել ՀՀ ներքաղաքական գործընթացներին և կամ զորակցել։  Ահա սա է արտառոցը։  Այդ զորակցական նամակները, որոնք այդ հոգևոր առաջնորդները ստիպողաբար գրել են, որևէ օգտակարություն չեն ունենալու, ընդհակառակը՝ մեծ վնասակարություն են ունենալու, քանի որ տվյալ առաջնորդների հանդեպ համայնքի վերաբերմունքը ինքնաբերաբար փոխվում է, համայնքի ներկայացուցիչներից բոլորը չէ կամ մեծ մասը չէ, որ համաձայն են իրենց թեմի առաջնորդի հայտնած դիրքորոշման հետ։  


- Սփյուռքի մեր հայրենակիցները, այնքանով, որքանով որ հաղորդակցվում եք  նրանց հետ և ունեք ձևավորված համոզմունք, համաձա՞յն են, որ  ՀՀ-ում հասունացել է իշխանափոխության պահանջը, և արդյոք  մե՞ծ թիվ են կազմում «սրբազան» կոչվող շարժմանն աջակցողները։   


 - Ես կարող եմ խոսել մեր շրջանակի, մեր համակիրների մասին  և կարող եմ միանշանակ ասել, որ ոչ՝ համաձայն չեն։ Մեր հայտարարության այն տողը, որ՝ եկեղեցին դառնում է իշխանափոխության մեղսակից, հենց այդ մասին է։ Սա, այո, որևէ այլ բան չէ, քան իշխանափոխության հստակ օրակարգով գործընթաց՝ թեև սկսել էր իբրև Տավուշում սահմանազատման վերաբերյալ մտահոգություն և այդ օրակարգով բողոքի  ակցիա։ Սակայն հասնելով Երևան՝ տեսանք, որ դա արագ վերածվեց իշխանափոխության գործընթացի,  և ակնհայտորեն՝ անհաջող։ Սփյուռքահայերից բոլորը չէ, որ ամենօրյա ռեժիմով հաղորդակից են ՀՀ-ում տեղի ունեցող պրոցեսներին, բայց տիրապետող է այն համոզմունքը, որ չկա  իշխանափոխության հասունացած կարիք,  և նման հարց եթե կա անգամ, ապա դա ՀՀ քաղաքացիների որոշելիքն է։ Մեզ համար անընդունելի է հատկապես շարժման՝ ժողովրդավարության սկզբունքներին հակառակ մոտեցումը, քանի որ երկրում վերջապես հաստատվել է ժողովրդավարություն, ընտրությունների միջոցով տեղի է ունեցել իշխանափոխություն, և կրկին այդ ճանապարհով էլ պետք է տեղի ունենա իշխանության փոփոխումը։ Իսկ այս շարժման ղեկավարները շատ լավ հասկանում են, որ միակ շանսը, առիթը, որ ունեն, դա ոչ սահմանադրական ճանապարհով կամ այսպիսի միջոցներով իշխանափոխությունն է, քանի որ ընտրության միջոցով իշխանության գալու իրենց հույսը մարել է։ Մնում է հրահրել  կրիզիս, կեղծ օրակարգ մեջտեղ նետել։  2018-ից ի վեր մի քանի անգամ փորձել են այդպես անել՝ «քովիդի» ժամանակ էլ արեցին, դրանից հետո էլ նույնն արեցին, բոլոր այսպիսի փորձերն էլ նույն նպատակն ունեն, քանի որ գիտակցում են՝ իրենց առջև փակվել են այն բոլոր դռները, որոնք  բաց էին 20 տարուց ավելի։ Եվ հիմա մնացել է միակ «դուռը»՝ փողոցի միջոցով հասնել նրան, ինչին ձգտում են։   Բայց  ՀՀ ժողովուրդը իր ընտրությունը արդեն կատարել է ի՛ր ուզածի պես, ոչ թե իրենց՝ փողոցի ճնշմամբ իշխանությունը վերցնել ցանկացողների ուզածի պես։   


- Հունիսի 9-ին շարժումը  հերթական «հուժկու», «մեծ» հանրահավաքն է հրավիրել, որի օրակարգը, սակայն, հայտնի չէ։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ վախճան  կունենա այս շարժումը։


- Ակնհայտ է, որ իշխանափոխության այս  փորձն էլ է ձախողված։  Ես մեկ շաբաթով ՀՀ-ում էի, և շատ լավ տեսանելի էր, թե այս շարժումն ինչ չափի ժողովրդական աջակցություն ունի։ Ես գրեթե ամեն օր անցնում էի Սուրբ Աննա եկեղեցու կողքով և տեսնում էի ամեն օր ժողովրդին, նաև՝ փողոցներով անցնող ժողովրդի հայացքներին էի հետևում, զգացվում էր, որ նրանց ընդհանրապես չի հետաքրքրում, թե ինչ է տեղի ունենում  քիչ այն կողմում։  Հիշում եմ, որ հունիսի 1-ին՝ մանկանց տոնին,  երբ փողոցներում շատ մարդ կար, նույնիսկ այդ օրը շատ մարդ չհավաքվեց։ Խումբը ինչքան որ կա, շարունակում է, կարծես, մնալ նույնքան, և մարդիկ արդեն սովորել են այս երևույթին՝ իշխանափոխության նպատակով փողոցային հերթական պայքարին։ Պարզապես մեզ համար մտահոգիչ է ժամավաճառությունը, որով զբաղված են այդ մարդիկ։ Մենք շա՛տ ավելի լուրջ հարցերի վրա պետք է ծախսեինք մեր ժամանակն ու ջանքերը, շա՛տ ավելի լուրջ խնդիրների լուծման վրա, ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում՝ հենց թեկուզ Ադրբեջանի կողմից եկող վտանգների ուղղությամբ, որոնք չեն վերացել,  այլ ոչ թե կեղծ ճգնաժամային պատկեր ստեղծեինք՝ հայտարարելով, թե պետական ինստիտուտները չեն գործում, չկա պետություն, իշխանություն, չկա սա, չկա սա... Պարզ երևում է, որ միայն այդ խմբի համար է այդպես։ Պարզ է նաև, որ սա էլ է շուտով մարելու։   


Իսկ մարդիկ այս շարժումից դուրս ապրում են իրենց կյանքով, այո, նաև  դժվարություններով, բայց ակնհայտ է նաև, որ  ամեն ինչ նորմալ առաջ է շարժվում երկրում։

 

Հեղինե Մանուկյան